Գլխավոր Ավելին

Վիտամին D-ի մասին․ էնդոկրինոլոգի խորհուրդները

Վիտամին D-ի թեման այսօր առավել քան արդիական է։ 

Հաշվի առնելով դրա նկատմամբ աճող հետաքրքրությունը, ինչպես նաև վերջին տարիներին ուղեցույցներում կատարված փոփոխությունները՝ էնդոկրինոլոգ Սոնա Մաղաքյանին կրկին խնդրել ենք անդրադառնալ մի շարք կարևոր հարցերի։

Բժշկի դիտարկումները ներկայացնում ենք ստորև․

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ գոյություն ունի կապ վիտամին D-ի մակարդակի և մի շարք տարածված առողջական խնդիրների միջև՝ ներառյալ կմախքամկանային, նյութափոխանակային, սիրտ-անոթային, չարորակ, աուտոիմուն և վարակիչ հիվանդությունները։

Այս հանգամանքը նպաստել է վիտամին D-ի հավելումների լայն կիրառմանը և 25(OH)D-ի լաբորատոր հետազոտությունների հաճախացմանը։ 

Վիտամին D-ն կարևոր դեր ունի մարդու օրգանիզմում՝ աջակցելով ոսկրերի ամրությանը, իմունային համակարգի աշխատանքին և ընդհանուր առողջությանը։ Այն հաճախ անվանում են «արևի վիտամին», քանի որ մեր մաշկը այն սինթեզում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։ 

Վիտամին D-ի մակարդակի ստուգումը պարտադիր չէ բոլորի համար։ Անհրաժեշտությունը կախված է նրանից, թե որ ռիսկի խմբում է մարդը․

1․Ցածր ռիսկ ունեցող մեծահասակներ

(առողջ մարդիկ, առանց քրոնիկ հիվանդությունների) – սովորաբար կարիք չկա կանոնավոր ստուգման։

2․ Բարձր ռիսկ ունեցողներ – ստուգումը կարող է օգտակար լինել, հատկապես եթե՝

• քիչ եք արևի տակ լինում

• ունեք որոշ հիվանդություններ

• կա կասկած, որ ընդունվող վիտամին D-ի հավելումները բավարար չեն

Բժշկի ցուցումով ստուգումը կարող է նշանակվել ցանկացած դեպքում, եթե բժիշկը դա համարում է անհրաժեշտ՝ ելնելով ձեր անհատական վիճակից։ 

Ովքե՞ր են բարձր ռիսկի խմբում

• Տարեցները

• Արևի ճառագայթների սահմանափակ ազդեցություն ունեցող անձինք

• Օստեոպորոզ ունեցող պացիենտներ

• Ներծծման խանգարումներ ունեցող պացիենտներ (օրինակ՝ որոշ աղիքային հիվանդությունների դեպքում)

• Որոշ դեղերի ընդունման դեպքում

Որքա՞ն է անհրաժեշտ

Ըստ միջազգային ուղեցույցների՝

• Մեծահասակների համար՝ մոտ 600–800 ՄՄ (IU) օրական

• Տարեցների համար՝ հաճախ կարող է պահանջվել ավելի բարձր դեղաչափ

Սակայն ճիշտ չափաբաժինը պետք է որոշվի անհատապես՝ բժշկի խորհրդատվությամբ և, անհրաժեշտության դեպքում, արյան հետազոտության հիման վրա։ 

Կարևոր խորհուրդներ

• Խուսափեք ինքնուրույն բարձր դեղաչափեր ընդունելուց 

• Հետևեք հավասարակշռված սննդակարգին 

• Վիտամին D-ի մակարդակը ստուգեք միայն անհրաժեշտության դեպքում՝ ըստ ռիսկի գնահատման

Վիտամին D-ն փոքր, բայց չափազանց կարևոր բաղադրիչ է մեր առողջության համար։ Նրա բավարար մակարդակը պահպանելը նպաստում է ոչ միայն ոսկրերի, այլև ամբողջ օրգանիզմի ճիշտ աշխատանքին։ 

×
facebook sharing button facebook